«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցին, նշել է, որ իշխանությունը գնում է «քաղաքական ընդդիմախոսների զրպարտության, վարկաբեկման կամ ազատությունից զրկելու ճանապարհով»։
Նա նաև նշել է, որ «ՔՊ որոշ պատգամավորների պատկերացումներում բանակն անընդհատ քննարկվում է մայկա, վարտիք, պոլի շոր, ելակ շրջանակներում, ինչն իհարկե քաղաքական ախտորոշման առումով ցուցիչ է», հայտնում է Panorama.am-ը։
«Քաղաքական գործիքների անարդյունավետության, խոսքի սնանկության, ցանկալի արդյունքի բացակայության պայմաններում իշխանությունը գնում է քարոզչական հարձակումների, քաղաքական ընդդիմախոսների զրպարտության, վարկաբեկման կամ ազատությունից զրկելու ճանապարհով»,–ասել է նա։
Ազգային ժողովում քննարկվում է 3 ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում սկսելուն և պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։