7 հուլիսի 2025 - 18:08 AMT
Փաշինյանը «Հրապարակ» թերթից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հուլիսի 4-ին հայցադիմումը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մակագրվել դատավոր Նելլի Հարությունյանին, հայտնում է «Հետքը»։

«Հրապարակը» 2025թ. հոդված է հրապարակել այն մասին, որ երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պարզել՝ դավաճանում է նա կնոջը, թե չէ։

«Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել»,-գրել է «Հրապարակը»:

Այս և հոդվածում տեղ գտած այլ արտահայտությունները Ն. Փաշինյանը համարում է զրպարտություն։ Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։

Վարչապետի գրառման տակ մեկնաբանություն էր կատարել «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմիննե Օհանյանը. «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, Կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ… իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի»։

Նիկոլ Փաշինյանը պահանջում է hraparak․am կայքում և hraparak ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ հերքում հետևյալ բովանդակությամբ. «06.06.2025թ.-ին hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով։ Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։

Պահանջների թվում է նաև այն, որ հրապարակվող տեքստը չպետք է պարունակի թերթի որևէ այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակման տեքստի բառացի շարադրանքը։

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը արձագանքել է իր ղեկավարծ ԶԼՄ-ի դեմ վարչապետի հայցին՝ նշելով, որ «սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` ընդդեմ «Հրապարակի»: Հայցը դեռ չենք ստացել, բայց իմացա, որ մեր մի հրապարակման մեջ զրպարտություն է տեսել իր հասցեին եւ 1 միլիոն դրամ է պահանջում` այն հույսով, որ «Հայաստանում չկա դատավոր, որը կմերժի իր հայցը»: Արձանագրենք, որ սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ: Նախկինները հասկանում էին, որ հավասար պայմաններում չեն կարող լինել ցանկացած ԶԼՄ-ի հետ եւ զերծ էին մնում չկայացած դատական համակարգի պայմաններում պյուռոսյան հաղթանակ արձանագրելու քայլից:

Բայց ասել, որ զարմացած եմ` ճիշտ չի լինի. մարդն իր վատ արարքների մեջ շատ հետևողական է և բացարձակապես կորցրել է կապն իր պրոֆեսիայի հետ: Նորմալ է: 1999-ին Սերժ Սարգսյանն էր Փաշինյանի «Օրագրին» դատի տալիս, հիմա ինքը` «Հրապարակին»: Երևի պարզ է, չէ՞, 17 տարվա ընթացքում ինչքան են «Հրապարակին» դատի տվել (80-90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով), ուստի մի դատ ավել, մի դատ պակաս` մեր կյանքում բան չի փոխվում: Հրապարակմանն էլ չեմ անդրադառնա, որովհետեւ հրապարակախոսական բնույթի, հարցադրումներ պարունակող հոդվածում միայն հիմար մարդը զրպարտություն կտեսնի:

Այս պատմության մեջ ինձ այլ բան է զարմացնում. ոչ բոլոր հայցվորներն են փող պահանջում ԶԼՄ-ներից, շատերն իրենց պատվից ցածր են համարում դա, որովհետեւ եթե քեզ տեղեկատվությունը հերքելն է հետաքրքրում, կարող ես դիմել դատարան, (չնայած նորմալ մարդիկ խուսափում են դրանից), բայց եթե ուզում ես լրատվամիջոցին վնաս պատճառել, ֆինանսական նեղ կացության մեջ դնել, փակել այն, այդ դեպքում նաեւ փողային պահանջ ես ներկայացնում: Այս մարդը որոշել է «Հրապարակին» վնաս պատճառել, դժվարացնել մեր գործունեությունը, երազում է, որ «Հրապարակը» փակվի:

Ես չեմ ուզում հիշեցնել, որ 1998-ին «Օրագիրը» սկսել է հրատարակվել իմ անձնական համակարգչի, պրինտերի ու սկաների միջոցով, որը ես անհատույց նվիրել եմ «Օրագրին» և չեմ էլ հաշվում, թե այդ ժամանակ ինչ արժեր այդ տեխնիկան: Ես չեմ ուզում հիշեցնել, որ երբ իր դեմ քրեական գործ էին հարուցել մի անստորագիր հրապարակման մեջ պաշտոնյային «դեգեներատ» անվանելու համար, ես` առանց իրեն տեղեկացնելու, գնացել եմ ոստիկանություն և դիմում գրել, որ հրապարակման հեղինակը ես եմ` ինձ դատեք: Չեմ ուզում հիշեցնել, որ երբ Մարտի 1-ի գիշերը փոշոտված ու հալածված մեր տան դուռը թակեց, ինչպես եմ առավոտ շուտ վազել խանութ` հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա: Չեմ հաշվում, թե ինչ ենք ծախսել իր կեցության վրա ընդհատակում գտնվելու, տեղից տեղ տեղափոխելու ... և հազարավոր այլ դեպքերում: Գիտեմ` ինքն էլ չի հաշվում, որովհետեւ «ծնվել է» 2018 թվականին, իսկ մինչ 2018-ը ապրած կյանքը ջնջել է: Ինչպես ես եմ ջնջել իր համար արածներս` 2018-ից առաջ, բուն 2018-ին և անգամ հետո: Արել եմ` գցել եմ ջուրը: Իմ` որպես ընկերոջ, որպես խմբագրի, որպես քաղաքացու պարտքն եմ համարել:

Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի մեծ վնաս, Նիկոլ, անձամբ ինձ պատճառել դու այլևս չես կարող, որովհետև Արցախի կորուստը, մեր երեխեքի զոհվելը, մեր պետության այս գահավիժումը, մեզ ապագայից զրկելը, հանրային այս թշնամանքն ու պառակտումը և մյուս բոլոր աղետները, որ բերել ես այս 7 տարում, ոչ մի նյութական վնասի ու հայցապահանջի հետ հնարավոր չէ համեմատել»,–գրել է Օհանյանը։