7 հուլիսի 2025 - 18:35 AMT
Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է մոտ 400 մասնակից՝ 21 երկրից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։

Անդրեասյանն ընդգծել է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունում առանձնահատուկ ընդգծված է խաղային մարզաձևերի խրախուսման քաղաքականությունը, և բասկետբոլի առաջնությունը ևս այդ համատեքստում է:

Նախարարը նշել է, որ մասնակիցներից բացի 1000 արտասահմանցի երկրպագուներ ու կամավորներ կժամանեն: Ընդ որում՝ սա ռեկորդային ցուցանիշ է թիմային մարզաձևերից Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակցության տեսանկյունից:

Արթուր Նազարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն արդեն մեկ ամսից ավելի է՝ ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի ընթացքում մի շարք ընկերական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Շվեյցարիայի՝ բավական ուժեղ թիմերի հետ: Հուլիսի 9-ին էլ ընկերական հանդիպում է սպասվում Վրաստանի հետ, որը ևս բավական ուժեղ հավաքական է: Արթուր Նազարյանը նշել է, որ Երևան են ժամանելու բազմաթիվ հավաքականներ, և սպասվում է բարդ մրցակցություն։

«Առաջնության շրջանակում թույլ մրցակիցներ չկան, բոլոր հավաքականները բավականին ուժեղ են, և սպասվում է շատ լուրջ մրցակցություն։ Ֆավորիտների թվում են Լատվիան, Թուրքիան, Մոնտենեգրոն և Խորվաթիան, որոնք բասկետբոլային գերտերություններ են։ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Լատվիայի հետ, որը բավականին լուրջ փորձություն է լինելու»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հայ բասկետբոլիստները լիովին պատրաստ են առաջնության մեկնարկին և ունեն բավարար ներուժ: Նրա խոսքով՝ լավագույն տասնյակում հայտնվելը բավական հաջող արդյունք կլինի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի համար:

Խաղերը հեռարձակվելու են Առաջին ալիքով և միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքով՝ հասանելի դառնալով նաև հեռուստադիտողի համար և նպաստելով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: