8 հուլիսի 2025 - 10:33 AMT
Փաշինյան․ Քրիստոսի տունը զավթված է շնաբարո խմբակի կողմից և պետք է ազատագրվի՝ ես եմ առաջնորդելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբոքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։

«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։

Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։

Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին անհապաղ «ազատ արձակել հոգևոր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։