Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ «քննչական մարմինների, դատախազության և դատարանի գործողությունները փաստացի ղեկավարում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Նա նշել է, որ «Մայր աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին»։
«Ինչպես այսօր տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումից, նախապատրաստվում է խուզարկություն Մայր Աթոռում: «Գլխավոր քննիչը» «հանձնարարել է» խուզարկել այն վայրը, որտեղ քրիստոնյաներս ակնածանքով ենք մուտք գործում:
Խուզարկելիս, քննիչը գալիս է անսպասելի, որպեսզի չթաքցվեն քննությանը հետաքրքրող առարկաները կամ նյութերը: Իսկ այս դեպքում, նախապես հայտարարվում է:
Հարց է ծագում, ինչու:
2 պատճառ եմ տեսնում՝ (1) «գլխավոր քննիչին» պետք է, որպեսզի պղծի Մայր Աթոռը՝ աննախադեպ գործողությամբ, կամ (2) պետք է մի բան սարքվի (կարող են երկու տարբերակներն էլ լինել):
Իսկ հրապարակ է նետում այդ գաղափարը, որպեսզի ստուգի հանրության տրամադրությունը: Կպաշտպանե՞ն Մայր Աթոռը իրենից, թե՝ ոչ:
Բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են:
Այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:
Դրա ապացույցները շատ են: Վերջին թարմ օրինակը՝
Ազգային ժողովը 03.07.2025թ. որոշում է ընդունել, որով մասնավորապես « 1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին:»:
Ինչպես տեսնում եք, Ազգային ժողովը կոպտորեն խախտելով Սահմանադրության այն նորմերը, որոնք սահմանում են անմեղության կանխավարկածի և արդարադատությունը միայն դատարանի կողմից իրականացնելու սկզբունքները, արդեն հանցագործության կատարում է արձանագրել և դատապարտել:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ հանդիսացող քրիստոնյաները լավ պատկերացնում են, որ Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին»,–ասվում է գրառման մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին անհապաղ «ազատ արձակել հոգևոր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։