8 հուլիսի 2025 - 13:46 AMT
Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ առաջադրել է նրան Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նա այդ մասին ասել է Վաշինգտոնում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ, որը նրանց առաջին հանդիպումն էր այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայել-Իրան կարճատև պատերազմում։

«Մինչ մենք խոսում ենք, Թրամփն ամրապնդում է խաղաղությունը մեկը մյուսի ետևից տարբեր երկրներում և տարածաշրջաններում»,–ասել է նա, և հանձնել Թրամփին Նոբելյան կոմիտե ուղարկած իր նամակի պատճենը, գրում է Deutsche Welle-ն։

Ակնկալվում էր, որ Թրամփը կհորդորի Նեթանյահուին համաձայնել հրադադարի ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում ընթացող պատերազմում՝ արձագանքելով մոտ 60,000 զոհերի հումանիտար աղետին, որոնց մեծ մասը՝ պաղեստինցիներ են։

Սպիտակ տան Կապույտ սրահում ընթրիքի նախօրեին լրագրողները հարցրել են Թրամփին՝ արդյոք նա կարծում է, որ պաղեստինցիները պետք է դուրս բերվեն Գազայից՝ հղում անելով այն հաղորդագրություններին, որ Իսրայելը ծրագրում է բոլոր պաղեստինցիներին տեղափոխել Ռաֆայի ավերակների վրա կառուցված ճամբար՝ ծրագիր, որը քննադատվել է որպես էթնիկ զտման նախատիպ։ Թրամփը փոխանցել է հարցը Նեթանյահուին։

«Դա կոչվում է ազատ ընտրություն», — պատասխանել է Նեթանյահուն, որը հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից Գազայի պատերազմին առնչվող պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։

«Գիտեք, եթե մարդիկ ուզում են մնալ, կարող են մնալ, իսկ եթե ուզում են հեռանալ, պետք է կարողանան հեռանալ։ Դա չպետք է լինի բանտ։ Դա պետք է լինի բաց տարածք, որտեղ մարդիկ կարող են ունենալ ազատ ընտրության հնարավորություն։ Մենք շատ սերտ համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ՝ այնպիսի երկրներ գտնելու հարցում, որոնք կցանկանան իրականացնել այն, ինչ միշտ ասել են՝ տալ պաղեստինցիներին ավելի լավ ապագա։ Եվ … կարծում եմ՝ մոտենում ենք մի քանի երկրների գտնելուն»,–ասել է նա։

Սա Թրամփի երկրորդ բարձր մակարդակի առաջադրումն է․ անցած ամիս Պակիստանն էլ հայտարարել էր, որ առաջադրելու է նրան։

Հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, որ նա «հուսով է», որ ԱՄՆ-ը կրկին հարված չի հասցնի Իրանին։

Երբ նրան հարցրել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերաբերող հարցի մասին, Թրամփը նշել է, որ պատրաստ է վերսկսել զենքի մատակարարումները Ուկրաինայի բանակին, թեև Սպիտակ տունը վերջերս հաստատել էր որոշ մատակարարումների դադարեցումը՝ Պենտագոնում զինամթերքի պաշարների վերանայման պատճառով։

Իր արձագանքում Թրամփը հայտարարել է, որ ինքը «ընդհանրապես գոհ չէ նախագահ Պուտինից»։

«Ես հիասթափված եմ, անկեղծ ասած, որ նախագահ Պուտինը կանգ չի առել։ Մենք պատրաստվում ենք ևս զենք մատակարարել Ուկրաինային։ Պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանց հիմա շատ ծանր են հարվածում։ Մենք պետք է ավելացնենք զենքի մատակարարումը»,–ասել է նա։

Թրամփն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը «ցանկանում է հանդիպել և հասնել հրադադարի», սակայն հավելյալ մանրամասներ չի հայտնել։ Երկու պետությունների լուծման հարցին պատասխանելու փոխարեն նա հասցեագրել է հարցը Նեթանյահուին, որը կրկին նշել է, որ Իսրայելը պահպանելու է «անվտանգության երաշխիքը» այնպիսի տարածքների նկատմամբ, ինչպիսին Գազան է։

«Կարծում եմ՝ պաղեստինցիները պետք է ունենան բոլոր լիազորությունները իրենց կառավարելու համար, բայց ոչ մի լիազորություն՝ մեզ սպառնալու։ Սա նշանակում է, որ որոշ լիազորություններ, օրինակ՝ ընդհանուր անվտանգությունը, միշտ մեր ձեռքում պետք է մնան։ Կարծում եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությամբ և համագործակցելով մենք կարող ենք խաղաղություն հաստատել մեր և ամբողջ Մերձավոր Արևելքի միջև։ Կարծում եմ՝ կարող ենք ստեղծել շատ լայն խաղաղություն, որը կներառի մեր բոլոր հարևաններին»,–ասել է նա։

Մինչ Վաշինգտոն մեկնելը կիրակի օրը, Նեթանյահուն հայտնել էր, որ վստահ է, որ համաձայնություն հնարավոր է, և որ իսրայելական բանակցողներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ հասնելու հրադադարի, սակայն միայն այն պայմաններով, որոնք Իսրայելը արդեն հաստատել է։

Նեթանյահուն ավելի վաղ հանդիպել է Մերձավոր Արևելքի հանձնակատար Սթիվ Ուիթքոֆի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նա կմնա Վաշինգտոնում՝ հանդիպելու փոխնախագահ Ջեյ․Դի․ Վանսի և բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ։

Հուլիսի 7–ին Կատարում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները վեցշաբաթյա ընդմիջումից հետո առաջին անգամ անց են կացրել անուղղակի բանակցություններ։ Թեև երկու կողմերն էլ դրական են արտահայտվել հնարավոր հրադադարի վերաբերյալ, մի շարք կարևոր խնդիրներ մնում են չլուծված, այդ թվում՝ Իսրայելի կողմից պատերազմի ավարտի երաշխիքների պահանջը և Նեթանյահուի պայմանը, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ամբողջությամբ հեռացվի Գազայից։

Photo. Getty Images