ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի քննարկման ժամանակ, պատգամավորի ելույթից հետո, ԱԺ-ում կրքերը թեժացել են, դահլիճ են մտել անվտանգության աշխատակիցները։
«Տանում եք կալանքի, էլ ի՞նչ եք ուզում»,-ասել է Սարգսյանը, գրում է Aysor.am-ը։
Բացի այդ, արձանագրվել է, որ դահլիճ ներս են մտել անհայտ անձինք։ Դրանից հետո ծագած լեզվակռիվը ծավալվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականների և Լևոն Քոչարյանի օգնականի միջև։ Վիճաբանություն, քաշքշուկ է սկսվել ընդդիմադիրների և ՔՊ-ականների միջև նախ ԱԺ դահլիճում, ապա նաև դահլիճից դուրս։
ԱԺ-ում լարված իրավիճակը փոքր ինչ հանդարտվելուց հետո ՊՊԾ-ն եկել է տանելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին։
Նրան փորձում են շենքից դուրս հանել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը եզրափակիչ ելույթից հետո փորձել է դուրս գալ ԱԺ դահլիճից, մինչև կալանավորումն իր ընտանիքի հետ անցկացնելու համար։ Այդ պահին ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ, վազել է Արթուր Սարգսյանի հետևից՝ փորձելով մեջքից հարձակվել նրա վրա, հայտնում է Panorama.am-ը։
Ղալումյանի հետևից վազել են նաև այլ պատգամավորներ։ Այդ պահին ԱԺ դահլիճ մուտք են գործել մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Իրավիճակը լարվել է։
Խառնաշոթ իրավիճակում պատգամավորները դահլիճում նկատել են մի տղամարդու, որն ԱԺ պատգամավոր չէ։
«Ո՞վ է սա։ Անհայտ մարդ։ Ո՞վ ես դու, որ պատգամավորի հետ այդպես է խոսում»,-հարցեր են հնչեցրե; ընդդիմադիր օրեսդիրները։
Այդ ընթացքում տղամարդը դուրս է վազել ԱԺ դահլիճից։
Պարզվել է, որ խորհրդարանի դահլիճում հայտնված տղամարդը ՔՊ-ական Արման Բարխուդարյանն է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն ու ներկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի անդամը։ Նա մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկվելու դեպքի առնչությամբ։
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն, անդրադառնալով միջադեպին, ասել է, որ ընդդիմության նպատակը իրավիճակը սրելն է, հայտնում է Արմենպրեսը։
«Քիչ առաջ պարզ դարձավ, թե ինչ նպատակ ունի ընդդիմության կողմից իրավիճակն անընդհատ սրելը։ Արթուր Սարգսյանը ելույթ ունեցավ՝ տարբեր որակումներ տալով իրեն մեղսագրվող հանցագործությունների վերաբերյալ, բայց որևէ պարզաբանում չտվեց և հրաժարվեց պատգամավորների հարցերին պատասխանելուց։ Սա կազմակերպված փորձ էր խուսափելու պատասխանատվությունից՝ պատգամավորների հարցադրումներից, որոնք միտված էին հասկանալու նրա գործողությունների բնույթը»,-ասել է նա։ ։
ԱԺ փոխնախագահը հավելել է, որ իրավիճակը կանխատեսելի էր, և Արթուր Սարգսյանի՝ դահլիճը լքելու պահից սկսած ընդդիմադիր պատգամավորները սկսել են սադրիչ գործողություններ, փորձելով մյուսներին դուրս բերել հունից։
Նա կոչ է արել պատգամավորներին չտրվել սադրանքներին, պահպանել կարգ ու հանգստություն և հետևել օրինական ընթացակարգերին։