8 հուլիսի 2025 - 11:51 AMT
Նարեկ Կարապետյան. Երևի կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, որը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, հայտարարել է, որ շատ հավանական է՝ ձերբակալվի, թեև չգիտի՝ ինչ հիմքով։

«Մենք էս ամեն ինչին սպասում էինք, մի քիչ ուշացան էլ, երևի, ամենյան հավանականությամբ, կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Կարապետյանը դուրս է եկել տնից գիրքը ձեռքին, լրագրողներին ասել է, որ պատրաստվում է կարդալ այնտեղ (նկատի ունի՝ մեկուսարանում-խմբ.)

«90 տոկոսով կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի, էսքան ման են եկել, գործ չեն գտել․ եկել մեր տնից գտել են 2 հատ գլխարկ, մի հատ երեխաների նկարների կրիչ ու 4 «Iphone»-ի գումար, էդքանը։ Մեր հավաքից հետո ագրեսիան ավելացել ա, ամեն փոքր առիթ օգտագործվելու ա մարդկանց դեմ խնդիրներ ստեղծելու համար»,–ճասել է նա։

Վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ինչպես ՀԷՑ-ում, այնպես էլ Նարեկ Կարապետյանի բնակարանում։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով․ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։