Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոն հայտարարել է, որ լիովին սատարում է Հայաստանի գործադրած ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, միաժամանակ հույս հայտնելով, որ Բաքուն նույնպես նույն մոտեցումը կցուցաբերի։
ԵԽ պատգամավորը կարևոր հանգրվան է համարել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնագրի վերջնականացումը, հայտնում է Արմենպրեսը։
«Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագիրը շատ կարևոր հանգրվան է։ Ես ակնկալում եմ Բաքվի կողմից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,– շեշտել է Նատալի Լուազոն։
Լուազոն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանը և երկխոսության ընդլայնված օրակարգին։ Այս համատեքստում նա նշել է, որ 2024 թվականի հունիսի 29-30-ին Հայաստան այցելած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը վկայում է այդ ամրապնդման մասին։
«Հայաստանը և Եվրոպական Միությունն ակնհայտորեն ամրապնդում են հարաբերությունները։ Նրանք դա անում են, քանի որ երկու կողմն էլ մեծապես աջակցում են ամուր գործընկերությանը։ Սա ժողովուրդների կամքով պայմանավորված դիվանագիտական քայլի հազվագյուտ և հստակ օրինակ է։ Կայա Կալասի այցը Երևան այս միտման բնական հետևանքն է»,– ընդգծել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
Մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ վերջնական համաձայնության հասնելու մասին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Բաքվի հետ սկսել բանակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետի ու վայրի շուրջ։ Սակայն համաձայնություն հայտնելուց հետո Ադրբեջանը հանդես է եկել նոր նախապայմաններով։
Մասնավորապես, Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, այդ իսկ պատճառով այն անհրաժեշտ է փոխել։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պահանջում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարում։