Երուսաղեմի քաղաքային իշխանությունները քաղաքի հրապարակներից մեկն անվանակոչել են հայազգի լուսանկարիչ Էլիա (Եղիա) Կահվեջյանի անունով։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Երուսաղեմի հայ համայնքի անդամ Գեղամ Բալյանը։
«Էլիա Կահվեջյանի անվան հրապարակ. Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ, Երուսաղեմի սիրահար», – գրված է ցուցանակի վրա։
Էլիա Կահվեջյանը ծնվել է Ուրֆայում։ 1915ն, երբ նա ընդամենը 5 տարեկան էր, ականատես է եղել Ուրֆայի հայերի ընդվզմանը թուրքական բանակի դեմ, որի պատճառը հայերի սպանությունների մասին լուրերն էին։ Նրա հայրը և եղբայրներից մեկը սպանվել են, իսկ ողջ մնացած հայ բնակիչները, այդ թվում՝, երեխաներն ու կանայք, ստիպված են եղել անցնել Դեր Զորի անապատով։ Էլիայի մայրը, փորձելով փրկել որդուն, նրան հանձնել է մի անծանոթ քրդի, որը տղային երկու ոսկով վաճառել է դարբնի։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Էլիան, ինչպես շատ հայ որբեր, հայտնվել է Նազարեթում գործող ամերիկյան Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի մանկատներից մեկում։ Այդտեղ հայ աշխատակիցներից մեկը նրան ծանոթացրել է լուսանկարչության արվեստին, որն էլ դարձել է Էլիայի կյանքի գործը։ Մանկատնից դուրս գալուց հետո նա հաստատվել է Երուսաղեմում և հիմնել սեփական լուսանկարչատունը։
Նրա ստեղծած ժառանգությունը մինչ օրս պահպանվում է թոռան՝ Էլիա Կահվեջյանի կողմից Երուսաղեմի Հին քաղաքում գործող «Elia Photo Service» անվանումով լուսանկարչատանը։
Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։