8 հուլիսի 2025 - 13:25 AMT
Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կփոփոխվի

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով, հայտնում է քաղաքապետարանը։

Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորչի և Արգիշտիի փողոցների ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտիի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։

Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց՝ ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին, միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։