ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում․ այս դեպքում՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին»,–ասվում է հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական ծրագրում կատարված նոր կարգավորումով՝ հնարավորություն է տրվում այդ դրական մնացորդ ունեցող հայրենակիցներին տնօրինել ավելացված գումարը։ Եթե, օրինակ, տրամադրվել է 30 միլիոն դրամ արժողությամբ հավաստագիր, իրենք իրացրել են 20 միլիոնը, ապա մնացած 10 միլիոնի շրջանակում նրանք կարող են գյուղնշանակության հողատարածք ձեռք բերել, գույք ու տեխնիկա ձեռք բերել բնակարանի կամ տան համար, մնացած տարբերությունը կարող են ուղղել նաև բնակարանի կամ տան վերանորոգման աշխատանքներին: