«ՀայաՔվե» նախաձեռնությունը, ուսումնասիրելով հակաեկեղեցական արշավը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք փաստաթղթավորել են վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ու իրավական գնահատական տվել դրանց։
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք սկսել են կազմակերպված գրոհ հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
«ՀայաՔվեն» ուսումնասիրել է իշխանության կողմից իրականացվող գործողությունները՝ դրանք համադրելով քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հետ։ Նրանք արձանագրել են, որ արշավը պարունակում է ատելության խոսքի տարածում, կրոնական կառույցի գործունեությանը խոչընդոտելու փորձեր, անձնական գաղտնիության խախտում, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահում։
Մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է եկեղեցիների վիճակը՝ բնութագրելով դրանք որպես «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2-ին նա հավելել է, որ «եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս»։ Վարչապետը վերջին շրջանում գրեթե ամեն օր սոցցանցերում գրառումներ է կատարել՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։
Հունիսի 24-ին Փաշինյանը տարածել է իշխանական կայքի մի հոդված, որտեղ ներկայացվում է, թե իբր ընդդիմադիրները ծրագիր ունեն պետական հեղաշրջում իրականացնելու։ Այդ հրապարակման մեջ հիշատակվել է նաև Բագրատ սրբազանի անունը։ Հաջորդ օրը՝ հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել ԱԱԾ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ևս քրեական գործ է հարուցվել՝ ըստ հոդվածի, որը վերաբերում է իշխանության յուրացմանը, տարածքային ամբողջականության խախտմանն ու սահմանադրական կարգի բռնի տապալման հրապարակային կոչերին։ Նա ևս կալանավորվել է երկու ամսով՝ հունիսի 28-ին։