«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ–ում հայտարարել է, որ «բնում խեղդելու են ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, երկիրը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ»։ Նա այդ մասին խոսել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ընթացքում, հայտնում է 1lurer.am-ը։
«Ըստ էության, Ազգային ժողովում ընդդիմությունը բեմադրեց այն, ինչ պետք է աներ ՀՀ տարբեր հատվածներում, բայց առանց աստղիկների, ներկերի ու յուղերի: Մեզ չվառեցին, «չգյուլլեցին» ընդդիմադիրները, որովհետև Ազգային ժողով մտնելուց առաջ ստուգվում են, անցնում են մետաղորսիչի միջով:
«Հոկտեմբերի 27, Մարտի 1, Լեռնային Ղարաբաղի հանձնում, նոյեմբերի 9, ահաբեկչական ակտի նախապատրաստում: Էս ամեն ինչի հետ, ոնց պտտվում ենք, առնչվում են, հնչում են հետևյալ անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն: Այս անունները դաջված են այս իրադարձությունների վրա:
Եվ հիմա այս մարդիկ, դեռևս ունենալով շունչ, փորձում են վերջին վատությունը անել Հայաստանին, և ահա իրավապահները հայտնաբերել են, և հուսանք՝ կանխել են այն չարիքը, որ սրանք պետք է բերեին մեր գլխին»,–ասել է նա։
Նա անդրադարձել է Արթուր Սարգսյանի հայտարարություններին և նրանց դեմ նախաձեռնված քրեական վարույթին՝ ընդգծելով, որ գաղտնի քննչական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները նախ աղոթել են, ապա «քննել են մարդկանց սպանելու, ավտոմեքենաների անիվները ծակելու և այնպիսի վթարներ հրահրելու ծրագրեր, որոնք կարող են մարդկային զոհերի հանգեցնել»։
«Հասկանո՞ւմ եք այս մարդկանց սրբապղծության մակարդակը, թե նրանք որքան թքած ունեն ամեն ինչի վրա: Սա է այս մարդկանց բարոյական պատկերը՝ «գյուլլել» էն մարդկանց, վթարի ենթարկել այն մարդկանց երեխաներին ու ծնողներին, ում դու ամուսնացրել ես»,–ասել է նա։
Ապա, դիմելով Արթուր Սարգսյանին, որը ԱԺ ելույթից հետո հայտարարել է, թե գնալու է եկեղեցի՝ իր կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ մոմ վառելու, և հետո ներկայանալու է քննչական մարմնին, Հովհաննիսյանն հարց է ուղղել՝ ինչու Սարգսյանը չի մտածել այլ երեխաների մասին, երբ փորձել է վնասել մեքենաներ։
«Չէի՞ր մտածում, որ այդ մեքենաների մեջ կարող է քո ընկերոջ տղան լինի, քո հարազատը: Սա ևս մեկ ցուցիչ է, թե դուք ով եք ընդհանրապես: Ձեր այդ 4 երեխաներից մեկի դասընկերը, այդ երեխաներից մեկի ծնողը կարող էր լինել այդ մեքենաներից մեկի մեջ: Ձեր խմբակցություններից որևէ մեկը կարող էր լինել, օրինակ, այդ մեքենաներից մեկում: Ո՞վ եք դուք: Հեռու մնացեք մեզանից, մեր երեխաներից, մեր տներից»,–ասել է նա։
Խոսքը եզրափակելով՝ Հովհաննիսյանը պնդել է, որ այս ամենը մի լայնածավալ ծրագրի մաս է՝ սկսած 2018-ի ոչ բռնի հեղափոխությունից հետո ի հայտ եկած հակապետական գործունեության շարանից։
«Այս մարդիկ եկել են, ամենատարբեր սցենարներով փորձում են Հայաստանը դարձնել գուբերնիա, բայց այդ ակտերը չեն ստացվել ու չեն էլ ստացվելու: Բնում խեղդելու ենք յուրաքանչյուր նման փորձ՝ ՀՀ ժողովրդից իշխանությունը խլելու, ՀՀ ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու»,– ամփոփել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիներն արդեն գիտակցել են սուտն ու կեղծիքը:
«Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք»,-ասել է նա, գրում է Auroranews.am-ը։
Նա հավելել է, որ ինստիտուտները սկսել են աշխատել։
«Իհարկե, որոշակի բյուրոկրատիա կա, որը որոշակի դժվարություն է առաջացնում, կամաց-կամաց ժամանակակից էկոնոմիկան առաջ է գալիս՝ թվայնացվում է, էդ բյուրոկրատիան ահավոր կնվազեցնեն ու ՀՀ-ն կզարգանա։
Սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, ՀՀ-ն դառնալու է տարածաշրջանում կենտրոն, պայմաններն ավելի լավ են լինելու, մարդիկ իրենց ապահով են զգալու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են։ Այս խմբակները, որոնք ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»,- ավելացրել է Սուքիասյանը։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։