8 հուլիսի 2025 - 16:35 AMT
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնի շնորհիվ ՀՀ–ն հեղինակավոր TIER III միջազգային քարտեզի վրա է

Հայաստանը հաստատել է իր տեղը ժամանակակից և հուսալի ՏՏ ենթակառուցվածքների միջազգային քարտեզում՝ շնորհիվ OVIO ընկերության տվյալների մշակման կենտրոնի։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի Uptime Institute-ի կողմից շնորհվող TIER III սերտիֆիկատ՝ հանդիսանալով Հայաստանի միակ TIER III սերտիֆիկացված տվյալների կենտրոնը։

Uptime Institute-ը տվյալների կենտրոնների հուսալիության գնահատման առաջատար գլոբալ կազմակերպություն է, որը մշակում է միջազգային ստանդարտներ և իրականացնում խիստ, անկախ փորձաքննություն նախագծման, կառուցման և ֆունկցիոնալ կայունության առումով։ Դրա շնորհիվ ձևավորվում է հստակ և ամբողջ աշխարհում ճանաչված չափանիշների քարտեզ, որտեղ OVIO-ի տվյալների կենտրոնը պաշտոնապես գրանցվել է որպես վստահելի հանգույց։

Համաձայն TIER III ստանդարտի պահանջների՝ տվյալների կենտրոնը պետք է ապահովի ենթակառուցվածքի բոլոր հիմնական բաղադրիչների ռեզերվային տարբերակներ։ Սա հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած համակարգի պլանային տեխնիկական սպասարկում՝ ապահովելով տվյալների կենտրոնի աշխատանքի անընդհատությունը և մատուցվող ծառայությունների հասանելիությունը։

«Հայաստանն այսուհետ համարվում է վստահելի, հուսալի և մասշտաբային ՏՏ լուծումներ առաջարկող երկիր։ OVIO-ի՝ Հայաստանում միակ TIER III սերտիֆիկացված տվյալների կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի, և այն նպաստում է Հայաստանի դիրքի ամրապնդմանը տարածաշրջանում և միջազգային շուկայում։ Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ դարձնելով այն առաջնային հանգույց թվային ծառայությունների և անվտանգ տվյալների մշակման համար» - նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը, որը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երևանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, ապահովում է անվտանգ և մասշտաբային ենթակառուցվածք բիզնեսի, պետական կառույցների և տեխնոլոգիական գործընկերների համար։ Այն ունի 2 Մվտ ընդհանուր հզորություն, միացված է Հայաստանի էներգոհամակարգին՝ 35 կՎ հզորությամբ երկու անկախ սնուցման ենթակայաններով։ Կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարան՝ յուրաքանչյուրը 5 Կվտ հզորությամբ։ Կենտրոնն ապահովված է ժամանակակից հովացման, հրդեհաշիջման և մուտքի հսկողության կենսաչափական համակարգերով։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը տրամադրում է մի շարք ծառայություններ՝ կարևորելով առաջատար և ժամանակակից ամպային լուծումների դերը բիզնեսի համար։

Ծառայությունների թվում են․

· OVIO Cloud բարձր արտադրողականությամբ ամպային հարթակ

· Cloud Backup, Disaster Recovery և S3 Object Storage՝ տվյալների անվտանգ պահեստավորման և վերականգնման լուծումներ

· Colocation՝ համակցված լրացուցիչ ծառայություններով

· AntiDDoS պաշտպանություն ցանցային հարձակումների դեմ

· 24/7 տեխնիկական աջակցություն և ՏՏ խորհրդատվություն

OVIO-ի տվյալների կենտրոնը սերտիֆիկացված է միջազգային ճանաչված ստանդարտներով՝ ISO 27001, ISO 27017, ISO 27018 և PCI DSS, որոնք ապահովում են տեղեկատվության և ամպային միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև վճարային համակարգերի քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգություն։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնի ծառայություններին կարելի է ծանոթանալ կայքում։