ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, որն «ուղղորդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես նաև վերջին օրերին ուժային կառույցների իրականացրած ճնշումների ակտիվացումը ընդդիմադիրների դեմ, մի նպատակ ունեն՝ շեղել հանրային ուշադրությունը ու չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանել Սուրբ Եկեղեցին»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ նրա՝ ընդդիմադիր բոլոր պատգամավորները հստակ գիտակցում են ՔՊ-ականների մտադրությունները և այդ գիտակցմամբ պատրաստ են անցնել ցանկացած փորձության միջով, «նույնիսկ եթե դա լինի անձնական հարվածների, վարկաբեկման, բռնությունների կամ կալանավորման գնով»։
«Մեր պայքարը դահլիճով չի սահմանափակվում։ Այս պահին հարցը ոչ թե ԱԺ-ն է, ոչ թե ծեծկռտուք կամ անձնական հարցեր պարզելը, այլ՝ ինչի՞ն է պատրաստվում այս իշխանությունը։
Այս պահին բոլորիս հայացքը՝ և ոչ միայն, պետք է ուղղվի Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի դեմ ուղղված բացահայտ հարձակման հրահանգին։ Սա պարզապես հերթական քմահաճ որոշում չէ։ Սա բացահայտ պատերազմ է մեր հավատքի, մեր սրբությունների և մեր ազգային ինքնության դեմ։
Այսօր մենք, Հայերս, պարտավոր ենք միաբանվել մեկ ճշմարիտ նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին, որով կպահենք մեր ինքնությունը, արժանապատվությունը և ողջ հայ ազգի գոյությունը։
Հ.Գ.
Մի կարևոր դիտարկում-խորհուրդ՝ իմ ժողովրդին։ Այս օրերին շատերը կրկնում են մի տեսակետ՝ թե իբր «Եկեղեցին դարեր շարունակ փորձել են ոչնչացնել, բայց ոչ ոքի դա չի հաջողվել, և չի էլ հաջողվելու Նիկոլ Փաշինյանին»։
Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք սթափ նայենք իրականությանը։
Պատմության մեջ հարյուրավոր երևույթներ, այդ ժամանակվա սրբություններ, կառույցներ, միաբանություններ հզորագույն պետություններ և կայսրություններ են գոյություն ունեցել հարյուրավոր տարիներ, բայց այսօր այլևս չկան։ Այո՛, Եկեղեցին ապրել է ծանր ժամանակներ, բայց դա երբեք չի եղել ինքնահոսի թողնված։ Այն պահպանվել է ժողովրդի արյունով, հավատքով, վճռականությամբ ու միասնականությամբ։
Այսօր, եթե ամբողջ ժողովուրդը չկանգնի Եկեղեցու թիկունքին, ապա Նիկոլ Փաշինյանի վարչախումբը կարող է հասնել իր նպատակին։ Նա արդեն սկսել է հարձակումը՝ «իրավական», քաղաքական ու քարոզչական բոլոր միջոցներով։ Եվ եթե մենք շարունակենք հույսը դնել միայն պատմական հիշողության կամ ռոմանտիկ ցիտատների վրա, ապա վաղը կարող է պարզապես ուշ լինել։
Սա հնադարյան վանքերի անցյալը չէ։ Սա Եկեղեցու պատմությունը չէ՝ արդեն գրված։ Սա մեր ժամանակն է։ Մեր փորձությունը։ Մեր պատասխանատվությունը։
Եվ հենց այս պահին է, որ կորոշվի՝ կդառնա՞ մեր սերունդը այն, ով կկերտի Եկեղեցու նորագույն փառավոր պատմությունը, թե՞ այն, ով կփակի նրա 1700-ամյա ուղին, փակելով նաև Հայոց պատմությունը»,–ասվում է գրառման մեջ։
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի քննարկման ժամանակ, պատգամավորի ելույթից հետո, ԱԺ-ում կրքերը թեժացել են, դահլիճ են մտել անվտանգության աշխատակիցները։ ԱԺ-ում լարված իրավիճակը փոքր ինչ հանդարտվելուց հետո ՊՊԾ-ն եկել է տանելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին։Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն, անդրադառնալով միջադեպին, ասել է, որ ընդդիմության նպատակը իրավիճակը սրելն է և հանդարտության կոչ է արել։