8 հուլիսի 2025 - 17:23 AMT
Սամվել Կարապետյանի 10 աջակից է բերման ենթարկվել, այդ թվում՝ Տաշիրից

Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանին սատարող 10 քաղաքացի բերման է ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այդ մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ բերման ենթարկվածների թվում կան նաև մարզային բնակիչներ, այդ թվում՝ Տաշիր քաղաքից, գրում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է նրանց ենթադրյալ մեղադրանքներին՝ Մարտիրոսյանը նշել է, որ այս պահին հստակ տվյալներ չկան։

«Այս պահի դրությամբ դեռ նախնական տեղեկությունն այն է, որ հանրահավաքներին մասնակցելու հետ կապված՝ ինչ-որ ձայնագրություն է սոցիալական կայքերում։ Հիմա համատարած արատավոր բան է, ձայնագրություն են տարածում, թե ո՞վ է խոսում, ինչի՞ մասին է այդ ձայնագրությունը, մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ․․․ Ինչ-որ նորաստեղծ կայքեր կան, որոնցով տարածվում են ձայնագրությունները»,–նշել է նա։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ իրավաբաններին մուտքի թույլտվություն չեն տրամադրել, այդ մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն արձագանք չի ստացվել։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։