ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում ԱԺ-ն զրկել է անձեռնմխելիությունից, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ «առաջիկայում ներխուժում է սպասվում Վեհարանի տարածք»։
«Այսօր ինչ տեղի է ունենում մեր երկրում, աստծո և սատանայի միջև»,-ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պայքարել եմ, հիմա էլ տեսնում եք, պայքարի մեջ եմ։ Չեմ հոգնել, չեմ ընկճվել, պայքարելու եմ այնքան, մինչև հասնենք մեր նպատակին։ Նպատակն անձնական չէ, ներկուսակցական չէ, հայրենիք, եկեղեցի ունենալ-չունենալու խնդիրն է։ Համոզված եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու և իշխանություններին հեռացնելու է»,-ասել է Սարգսյանը։
Պատգամավորը հորդորել է հասարակությանը միավորել ջանքերը իշխանության դեմ պայքարում։
«Ես ԱԺ քվեարկության արդյունքներին էլ չեմ սպասել, եկել եմ իմ ոտքով։ Իրենցից ամեն ինչ սպասելի է»,-նշել է նա։
Արթուր Սարգսյանը «սուտ» և «կեղծիք» է անվանել այն մեղադրանքները, որոնց հիման վրա կալանավորվել են հոգևորականներ Բագրատ և Միքայել սրբազանները։
«Այդ ամեն ինչը փուչիկ է։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում սրբազաններին, մեր պայքարի 16 ընկերներին մաղթում եմ ուժ ու կորով։ Մեր պայքարը հասնելու է իր նպատակին, հաղթանակ է ունենալու»,-նշել է պատգամավորը։
Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։