Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր. 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևան քաղաքում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին:
Հուլիսի 8-ին դատարանի որոշումների հիման վրա մոտ երկու տասնյակ հասցեներում միաժամանակ անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք իրեր և փաստաթղթեր, այդ թվում՝ գումարների վերաբերյալ նշումներ պարունակող անվանացուցակներ ու կանխիկ գումար։
Հիմք ընդունելով ձեռք բերված ապացույցները՝ որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ սկսել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու խոչընդոտման կամ հարկադրանքի, ինչպես նաև մասնակցելու կամ մասնակցությունից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռման» և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «նույն արարքներին օժանդակելու» հատկանիշներով։
Նախաքննության շրջանակում իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ հարուցված քրեական վարույթի սահմանում թույլատրելի գործիքների կիրառմամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պարզելու թե ովքեր են հավաքին մասնակցելուն հարկադրելու և նյութապես շահագրգռելու գործողություններին մասնակցել, ինչպես նաև նրանց գործողություններին տալու իրավական գնահատական և կիրառելու համապատասխան դատավարական հարկադրանքներ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: