Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը զարմանք է հայտնել, որ Ռուս ուղղափառ եկեղեցին չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ հասցեագրված Հայ առաքելական եկեղեցուն։
«Ռուսաստանը չպետք է լռի՝ սա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին գործ։ Ռուսաստանը չի կարող ոչ հասարակական, ոչ պետական, առավել ևս՝ կրոնական մակարդակում լիովին անտարբեր լինել տեղի ունեցածի հանդեպ։ Զարմանում եմ, որ մինչ օրս սա Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից որևէ հայտարարության առարկա չի դարձել։ ՀԱԵ-ն աշխարհում քրիստոնեական ամենահին եկեղեցին է։ Մեր եկեղեցու հիերարխների կողմից նպատակահարմար կլիներ ուշադրություն դարձնել այդ ամենին, չնայած նրանց բոլոր ջանքերին՝ չմիջամտել և չստեղծել խնդիրներ Ադրբեջանի մահմեդական հոգևորականության հետ հարաբերություններում», — հայտարարել է Զատուլինը, գրում է NCN-ն։
https://nsn.fm/amp/policy/deputat-zatulin-udivilsya-molchaniu-rpts-na-sobytiya-v-armenii
Զատուլինը կարծում է նաև, որ ՀԱԵ-ն կարող էր դառնալ հասարակության համար հոգևոր հենարան՝ Փաշինյանի քաղաքական ուղեգծի ֆոնին, որը նա «անբարոյական» է անվանում։
«Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցին որպես հաստատություն, որը կարող էր դառնալ բարոյական հեղինակություն։ Փաշինյանի պետական գործունեության ամբողջ ընթացքը անբարոյական է։ Եվ նա, իհարկե, չի կարող չհասկանալ, որ դա չի կարող հավանության արժանանալ հավատացյալների ու հոգևորականների կողմից։ Շատերը հանդես են գալիս նրա դեմ, որովհետև հասկանում են՝ այն ճանապարհը, որով գնում է Փաշինյանը, փակուղի է տանում հայ ժողովրդին։ Նա նախապես գիտակցված կերպով է գործում՝ 2026 թվականի ընտրություններից առաջ»,–նշել է կոմիտեի փոխնախագահը։
Զատուլինի կարծիքով՝ ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հիշեցնում է Ուկրաինայում տեղի ունեցածը, որտեղ, ըստ նրա, իշխանությունները ենթարկել են եկեղեցին իրենց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբոքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակիկողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։