9 հուլիսի 2025 - 10:27 AMT
Արամ Ա–ն՝ ՀԱԵ շուրջ վիճակի մասին․ Հայերենի բառերը բավարար չեն նկարագրելու իմ ցավն ու ընդվզումը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտել է Հայաստանում ձևավորված վատառողջ միջավայրը։

«Ամոթ է, հազար ամոթ մեր սիրելի Հայրենիքում՝ Հայաստանում ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Հայերեն լեզվի բառերը բավարար չեն նկարագրելու ցավս ու ընդվզումս։ Հատկապես վերջերս ստեղծված մթնոլորտը ազգի երկու հայրենակերտ կառույցներում՝ Սբ Էջմիածնում և Ազգային ժողովում, ինձ համար խորապես ամոթալի են և դատապարտելի»,–նշել է Արամ Ա–ն։

Նա շեշտել է, որ լիովին պատրաստ է այցելել հայրենիք՝ հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնատարների՝ քննարկելու իրավիճակի հաղթահարման ուղիները։

«Շուրջ վեց տարի է, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելել։ Վերջին օրերին մտածեցի, շա՜տ մտածեցի, Հայաստան գալու մասին, որպեսզի կարողանամ օժանդակել ստեղծված փոթորիկը նվազագույնը հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն, Ազգային Ժողովում ու համացանցում կատարված ու շարունակվող անմակարդակ, մեր բարոյական, հոգևոր ու ազգային արժեքների խոտոր համեմատող արտահայտությունները, ինչպես նաև կատարվող ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղել դեպի Հայրենիք։

Սակայն, մնում եմ հանձնառու, որևէ ժամանակ գալու Հայրենիք և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցելու, որպեսզի հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու ընդունելի լուծումներ որոնել»,–հայտարարել է Մեծի Տանն Կիլիկոի կաթողիկոսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակիկողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։