«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հիմքով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Մ-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Արծվիկ Մինասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- նշել է Ավդալյանը։
Նա տեղեկացրել է, որ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է Հայաստանից բացակայելու արգելքը։
Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։ Ըստ նախաքննության տվյալների՝ Մինասյանը, զբաղեցնելով Բնապահպանության նախարարի պաշտոնը 2016-2018 թվականներին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ խոչընդոտել է ապօրինի զավթված հողատարածքի օրենքով վերադարձման ընթացքին և, ընդհակառակը, մասնակցել է դրա օրինականացման գործընթացին։
Քննությունը պարզել է, որ Արծվիկ Մինասյանը տեղյակ է եղել, որ նշված տարածքում Սեյրան Օհանյանի համար ինքնակամ կառուցվել է առանձնատուն, սակայն նա կազմակերպել է տարածքի կառուցապատման իրավունքի փոխանցման պաշտոնական մրցույթ, ինչի արդյունքում հաղթել է Օհանյանի շահերը ներկայացնող անձը։ Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։