3 հունիսի 2009 - 18:18 AMT
Ռոստովի մարզում գործելու է եւս մեկ հայկական եկեղեցի
Նովոչերկասկ քաղաքում (Ռոստովի մարզ) շարունակվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու շինարարությունը: Ինչպես հայտնել է Նովոչերկասկում գործող «Անի» հայկական կենտրոնի փոխնախագահ Օֆելյա Միրզոյանը, եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 2000-ի հունիսին: «Շինարարական աշխատանքները հիմնականում ֆինանսավորում են հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները համայնքի ղեկավար Արա Արսենյանի գլխավորությմաբ: Չնայած տնտեսական ճգնաժամին` մենք հույս ունենք, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի 2010-ին»,- նշել է Օֆելյա Միրզոյանը: Նա նաեւ հայտնել է, որ մայիսի 28-ին «Անի» հայկական կենտրոնում հայկական համայնքի ներկայացուցիչները հանդիսավոր կերպով նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Նովոչերկասկի թիվ 12 միջնակարգ դպրոցի դահլիճում համայնքի ներկայացուցիչները կազմակաերպել էին միջոցառում, որին մասնակցում էին բարձրաստիճան հյուրեր, «Անի» կենտրոնի ողջ անձնակազմը եւ քաղաքի հայերը:
Նովոչերկասկի հայկական համայնքն ունի 14 տարվա պատմություն: Այժմ քաղաքում գործում է մշակութային կենտրոն եւ կիրակնօրյա դպրոց: «Մեր համայնքի հիմնական խնդիրներից է պահպանել Հայաստանի հետ մշտական կապը, դաստիարակել մեր ապագա սերունդը որպես իսկական հայեր, որպեսզի նրանք տեղյակ լինեն Հայաստանի պատմությանը եւ մշակույթին»,- հայտարարել է «Անի» կենտրոնի փոխնախագահը: