«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել` կոչ անելով իրավապահ մարմիններին «գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում»։
Կոչ է արվում նաև «բացառել ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»։
«Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:
Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն է տալիս։
Հունիսի 18-ին, երբ ՀԷՑ-ի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ եկել է պահը, երբ անհրաժեշտ է պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։ Փաշինյանը նաև նախազգուշացրել էր, որ աշխատանքից կհեռացվեն այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ։ Հունիսի 24-ին վարչապետը հայտնել էր, որ ՀԷՑ-ի պետականացման ծրագրային փաթեթը պատրաստ է։