9 հուլիսի 2025 - 12:50 AMT
Վիգեն Սարգսյան. Ուշքի եկե’ք, ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Հայր Ասողիկի անեծքին, նշել է, որ «նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է»։

Նա հորդորել է ուշքի գալ՝ «ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով»։

«Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։

Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»,–ասվում է գրառման մեջ։

Ասողիկ աբեղա Կարապետյանն իր խորին վրդովմունքն ու հոգեկան վիշտն է հայտնել այն «թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայություններ կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ամբողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց հայրապետի դեմ»:

Նա անիծել է «բոլոր նրանց, ովքեր ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները»։