9 հուլիսի 2025 - 13:24 AMT
Վարդանյան․ Երբ ԱԺ-ի ծեծկռտուքը տեղի է ունենում դատախազի աչքի առջև, ինքը ոչ տեսնում է, ոչ լսում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասել է, որ ինչպես «իրավապահ համակարգն, այնպես էլ դատավորների մեծ մասը դարձել են իշխանության հլու կամակատարները»։ Նա այդ մասին խոսել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց, որտեղ քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։

Անդրադառնալով հուլիսի 8–ին ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկին՝ նա ասել է, որ «դատախազը լուռ կանգնած հետևում էր և սա այն դատախազն էր, որը հենց ինքն էր հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի գործով», հայտնում է Panorama.am-ը։

«Երեկ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան դատախազի աչքի առաջ, հրահրվեցին ՔՊ-ական պատգամավորի կողմից և շարունակվեցին ՔՊ-ական պատգամավորների և պատգամավորիկների կողմից։ Մի դեպքում, երբ դատախազին հրահանգ է տրվում, որ պետք է կատարվի որոշակի գործողություններ, ինչ-որ անմիտ, փուչիկ գործեր կարվեն, ինքն այս պարագապյում շատ ակտիվ ու հտևողական է, իսկ այն պարագայում, երբ ամեն ինչ տեղի է ունենում իր աչքի առջև՝ այս դեպքում ինքը ոչ տեսնում է, ոչ լսում։ Այսպիսին է մեր իրավական համակարգը»,-ասել է Վարդանյանը։

Նրա համոզմամբ՝ երբ իրավաբանն իր մասնագիտության նկատմամբ այդպիսի վերաբերմունք է դրսևորում, ապա ամբողջ համակարգն է տապալվում։

«Այն ամենը, ինչ իրենք ներկայացնում են ահաբեկչության նախապատրաստություն, ոչ այլ ինչ է, քան յուրաքանչյուր տաքսիում, սրճարանում և բակերի զրուցարաններում տեղի ունեցող խոսակցություններ»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե բակերում նման խոսակցությունները չեն վերածվում գործողությունների, ապա, ըստ նրա, Բագրատ սրբազանի գործով իրավապահները պարզապես հայտնաբերել են գունավոր ճայթրուկներ և կոշիկի մեխեր։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։