Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպվող քննարկմանը, որը նվիրված է «Անորա» ֆիլմին։ Այս քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցություն է ունենալու նաև ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերը։ Այդ մասին տեղեկացրել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հետաքրքրությունn «Անորա» ֆիլմի հանդեպ շատ մեծ է, և շատ է քննարկվում նաև հայ դերասանների մասնակցությունը, ուստի որոշել ենք քննարկումները բերել Երևան և կենդանի ձևաչափով կազմակերպել, լսելի դարձնել թե՛ քննադատական, թե՛ գովեստի խոսքերը»,–ասել է Ավետիսյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ նախորդ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո, երկարատև ու դժվար բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել ձեռք բերել «Անորա» ֆիլմի և «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրության իրավունքները՝ դրանք ներկայացնելով երևանյան հանդիսատեսին։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 22–րդ կինոփառատոնը կանցնի հուլիսի 13-20-ը։
Դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2024 թվականի մայիսին դարձել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։ 2025 թվականի մարտին «Անորա» ֆիլմը 5 «Օսկար» մրցանակի է արժանացել Լոս Անջելեսում անցկացված 97-րդ մրցանակաբաշխության ընթացքում։