Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնել է․ «Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը»։
Գեղամ Մանուկյանը նշել է, որ իրավապահների գործողությունների թիրախում իր որդին է՝ հավելելով, որ ավելի ուշ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում է «Ազատությունը»։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրավապահները առգրավել են Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ նրա որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն առայժմ հրաժարվել է մեկնաբանել ձերբակալության մասին տեղեկությունը՝ նշելով, որ մոտ ապագայում կտրամադրի հաղորդագրություն։
ՀՅԴ Գերագույն մարմինը տեղեկացրել է, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Նրանց հաղորդագրության համաձայն՝ խուզարկություն է իրականացվում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության ղեկավար Գևորգ Մուրադյանի բնակարանում։
Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այնտեղ են ուղևորվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Գեղամ Մանուկյանը հանդիսանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Այս խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը հուլիսի 9-ին կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) առաջին մասով և 43-419-րդ հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) առաջին մասով։
Նույն խմբակցությունից ևս երկու պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ նույնպես քրեական վարույթներ են հարուցված։