10 հուլիսի 2025 - 10:38 AMT
Կոնգրեսական Շերմանը մտահոգված է Կարապետյանի և հոգևորականների ձերբակալություններով

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ իր անհանգստությունը փոխանցել է ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։

«Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։

Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ նվիրվածության վրա։ Այսօր ավելի վաղ այս մտահոգությունները հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։