10 հուլիսի 2025 - 11:05 AMT
Մոսկվայի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ–ից

Մոսկվայի շրջանի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանի տարածքից։

Նա Մոսկվայից Բաքու է մեկնել «Աէրոֆլոտի» չվերթով, որը թռիչք է կատարել Շերեմետևոյի օդանավակայանից, հայտնում է APA-ն։

Մի քանի օր առաջ Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Ավելի վաղ Telegram ալիքներում տեղեկություն էր տարածվել նրա նախատեսվող արտաքսման մասին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում է՝ մասնակցելու 58-րդ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ՄԿՊԿ) նիստին և հանդիպել է Ադրբեջանում արտակարգ իրավիճակների նախարարի հետ, սակայն ըստ որոշ աղբյուրների, այցը նաև ոչ պաշտոնական կողմ ուներ։

Մասնավորապես, «ՎՉԿ‑ՕԳՊՈւ»-ն հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ ղեկավարը կարող է Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցել Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը, որտեղ առավել հնարավոր է քննարկվի ձերբակալված ռուսների և ադրբեջանցիների փոխանակումը։

Այժմ նույն աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպել Կուրենկովի հետ, գրում է Minval.az-ը։

Նշվում է, որ ադրբեջանական կողմի պահանջը՝ ընդունել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի թիրախավորումը 2024–ի դեկտեմբերին, ռուսական կողմն այդպես չի արել։

Երբ Կուրենկովը Բաքվում էր, տեղական դատարանը մերժել է ռուս լրագրողների խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։

Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: Տղամարդկանց մարմինները տեղափոխվել են Եվկատերինբուրգից Բաքու, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, արձանագրել է բռնության հետքեր, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմի հասցեին:

Այդ ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումներ, ձերբակալվել և կալանավորվել են 4 ամսով ռուսաստանցի լրագրողներ՝ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև ևս 8 ռուսաստանցիներ: Բաքուն և Մոսկվան փոխանակվել են նոտաներով։