Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ իր պաշտպանյալին ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել:
«Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։ Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»,- ասել է նա, գրում է Auroranews.am-ը։
Խուզարկության ընթացքում առգրավվել է նաև Գեղամ Մանուկյանի հեռախոսը, հայտնում է Panorama.am-ը։
Մանուկյանը մանրամասներ է պատմել իր տան խուզարկությունից։ Ըստ պատգամավորի, իր տուն մտել են «հիմար պատճառաբանությամբ»։ Ապօրինի կերպով տարել են իր, որդու հեռախոսները, մի կասետ, որի բրա իրենք էլ կարդացել են, գրված է եղել կնունք։
«Առավոտից քննչականի ու ԱԱԾ–ի ծառայողներ մտան տուն, հիմար պատճառաբանություն էր՝ որդուս՝ Տարոնի փաստացի բնակության վայրը խուզարկելու։ Ցանկանում էին առգրավել հեռախոսս։ Բացատրեցի, որ ԱԺ պատգամավոր եմ, իրավունք չունեն, դատարանի որոշման մեջ էլ չկա որևէ հիշատակում, խոսքը միայն Տարոնին էր վերաբերում։ Խուզարկությունն ավարտվեց, հիմար խուզարկություն էր, «Երկիր մեդիա»-ի կասետներից տարան, որի վրա իրենք էլ կարդացին, գրած էր՝ «կնունք»,- ներկայացրել է պատգամավորը, հայտնում է Sputnik Արմենիան «Փաստինֆոյի» վրա հղումով։
Պատգամավորի խոսքով՝ իրավապահները տարել են իր համակարգիչներից մեկը։
«Հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Տարան պատշգամբ` զրուցելու, փորձեցին ուժով վերցնել հեռախոսս, ես փորձ արեցի թույլ չտալու, բայց չկարողացա, շատ էին, հեռախոսս էլ առգրավեցին»,- նշել է պատգամավորը։
Մանուկյանն ընդգծել է նաև, որ իրավապահներին ուղիղ ասել է՝ կատարվող գործողությունները որևէ իրավական հիմք չունեն և պարզապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող «կամակատարների վարքագիծ է»։
Ավելի վաղ ՀՅԴ-ն տեղեկացրել է, որ բերման է ենթարկվել նաև կուսակցության Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի բնակարանում։