Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն՝ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու և նրա բջջային հեռախոսը առգրավելու վերաբերյալ՝ ՄԻՊ աշխատակազմին փոխանցված տեղեկության հիման վրա:
«Փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։ Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Ձերբակալվել ենԱրսեն Մարտոյանն ու Տարոն Մանուկյանը: