10 հուլիսի 2025 - 12:41 AMT
ՔԿ․ Ահաբեկչության նախապատրաստության քրգործով 7 հոգի է ձերբակալվել

Քննչական կոմիտեն հայտնել է, որ «ահաբեկչություն կազմակերպելու նախապատրաստության և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության փաստով հարուցված քրեական վարույթով 7 մարդ է ձերբակալվել»։

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ահաբեկչություն նախապատրաստելու, ինչպես նաև հրազեն, դրա հիմնական մասեր, ռազմամթերք ու տարբեր սարքեր անօրինաբար պահելու դեպքերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել են խոշորածավալ քննչական ու վարութային գործողություններ։

Այս գործողությունների շրջանակում, ներառյալ մի շարք հասցեներում իրականացված խուզարկությունները, իրավապահները հայտնաբերել են հեռակառավարվող պայթեցման համար նախատեսված էլեկտրական անդրապայթիչ, դրա բաղադրիչներ, մարտական նռնակ, վերջինիս պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի սարքեր, ինչպես նաև այլ նյութեր ու առարկաներ, որոնք կարող են օգտակար լինել քննության ընթացքին։

Իրավապահները ձեռնարկել են անհետաձգելի քննչական ու վարութային միջոցառումներ։

Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է իրականացվել նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։ Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Ձերբակալվել են Արսեն Մարտոյանն ու Տարոն Մանուկյանը: Ձերբակալվել է նաև Գեղամ Մանուկյանի որդին։