Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ այն «կրում է բացահայտ անօրինական բնույթ»։
ՀԱԿ–ը կոչ է անում իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։
«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, խախտում է օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։
ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։
Իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։
Սա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կրում է բացահայտ անօրինական բնույթ։ 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ընդունված, և հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեղսակից թողտվությամբ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները դիկտատորական իշխանությամբ «ժամանակավոր կառավարիչ» նշանակելու հակասահմանադրական լիազորություններ են շնորհում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), չեն ապահովում գործընթացի թափանցիկություն և չեն սահմանում փոխհատուցման արդար մեխանիզմներ։
Ավելին, ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեխանիզմը, այսպիսով, դուռ է բացում կամայական ինքնիրավչության համար՝ առանց ընկերության կողմից լիցենզիայի պայմանների խախտման օբյեկտիվ ապացույցների։ Սա ի ցույց է դնում օրենքի ընտրովի կիրառման և պետական մարմինների կողմից իրավական չարաշահումների գնալու մտադրությունը։
Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որևէ դրույթ չի պարունակում։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում. Իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Հայաստանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Մենք պահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը»,–ասվում է հայտարարության մեջ։
Ազգային ժողովը միաձայն հաստատել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնք ուղղված են այդ նպատակին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները։ ՀԾԿՀ–ն մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ ներդրումային ծրագրի 2025-ի մասով վերանայման առաջարկը: