10 հուլիսի 2025 - 13:35 AMT
Թանդիլյան․ Արցախցիների բնակապահովման կառավարության ծրագիրն արտագաղթի ծրագիր է

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցիների բնակարանային խնդիրները շարունակում են մնալ չլուծված և կառավարության կողմից արդեն մեկ տարուց ավել չգործող ծրագիրը «իրականում «արտագաղթի ծրագիր է», որը ամեն ինչ կորցրած արցախցիներին այլ ելք չի թողնում, քան արտագաղթել»։

Նա հորդորել է մասնակցել հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

«Հենց սա է իշխանությունների նպատակը՝ հիմա էլ Հայաստանից հեռացնել արցախցիներին։ Դժոխքի միջով անցած արցախցիները ստիպված պայքարում են սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։

Արցախցիների՝ Հայաստանում ապրելը սկզբունքային կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանության համար, հետևաբար, կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին կանգնել արցախցիների կողքին՝ ի նշանավորումն մեր հարատև միասնականության»,–ասվում է գրառման մեջ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական ծրագրում կատարված նոր կարգավորումով՝ հնարավորություն է տրվում դրական մնացորդ ունեցող հայրենակիցներին տնօրինել ավելացված գումարը։ Եթե, օրինակ, տրամադրվել է 30 միլիոն դրամ արժողությամբ հավաստագիր, իրենք իրացրել են 20 միլիոնը, ապա մնացած 10 միլիոնի շրջանակում նրանք կարող են գյուղնշանակության հողատարածք ձեռք բերել, գույք ու տեխնիկա ձեռք բերել բնակարանի կամ տան համար, մնացած տարբերությունը կարող են ուղղել նաև բնակարանի կամ տան վերանորոգման աշխատանքներին: