Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բազմաթիվ հեռախոսազանգեր և հաղորդագրություններ է ստացել՝ իր հրապարակած անեծքի (անաթեմա (հուն.՝ ἀνάθεμα, նզովք) հետ կապված:
Նա նշել է, որ եթե «ոմանց համար անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է»։
«Անհրաժեշտ հավելյալ լուսաբանությունների փոխարեն ներկայացնում եմ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի տեսամեկնաբանությունը (քանի որ այն նաև ի՛մ մեկնաբանությունն է և որևէ հայ հոգևորականի):
Կնշեմ միայն՝ թող որևէ մեկն իրեն «չհոգնեցնի» Ճեմարանի բարձրագույն աստվածաբանական կրթություն ստացած հոգևորականին ուսուցանել կամ թելադրություն անել՝ հավատքի կամ հոգևոր կյանքի հետ առնչված խնդրիներին ինչպես արձագանքի կամ ինչպես դրանք լուծի:
Հոգևորականներս մարդահաճ չենք և քաջ գիտենք թե սիրել, թե խրատել, թե հորդորել, թե զգուշացնել, թե հանդիմանել, թե նաև՝ նզովել:
Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական, որը կիրառվում է սրտի ու հոգու խորին ցավով և արտասուքներով. մենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև հանապազ աղոթք ենք մատուցում անխտիր բոլո՛րի համար, բոլորի համար: Եվ այս նզովքից հետո էլ շարունակելու ենք սիրով աղոթել ամենքի համար, որպեսզի մոլորյալները դարձ ապրեն, իսկ ուղղամիտ հավատավորներն անսասան լինեն»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Ասողիկ աբեղա Կարապետյանն իր խորին վրդովմունքն ու հոգեկան վիշտն է հայտնել այն «թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայություններ կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ամբողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց հայրապետի դեմ»:
Նա անիծել է «բոլոր նրանց, ովքեր ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները»։