10 հուլիսի 2025 - 13:57 AMT
Կարապետյանի թիմը հերքում է 150,000 դրամ աջակցության մասին շրջանառվող լուրերը

Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հերքել է 150,000 դրամ աջակցության մասին շրջանառվող լուրերը։

«Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն։

Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է»,-ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։

«Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։ Հետևեք մեր սոցիալական ցանցերում հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։