Կառավարությունը մոտ 1 միլիարդ 849 միլիոն դրամ կուղղի՝ 11 համայնքում 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը, հայտնում է Panorama.am-ը։
Դրանցից երեքը նախատեսված են Արարատի մարզում, երկուսը՝ Արմավիրի մարզում, մեկը՝ Գեղարքունիքի մարզում, երեքը՝ Լոռու մարզում, չորսը՝ Կոտայքի մարզում, իսկ երկու ծրագիր էլ իրականացվելու է Սյունիքի մարզում։
Խուդաթյանն ընդգծել է, որ տվյալ որոշման ընդունմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեից համայնքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 9 միլիարդ 439 միլիոն դրամ:
Կառավարության նիստը նախագահող Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, թե մարզերից յուրաքանչյուրին որքան գումար է հատկացվելու ծրագրերի իրականացման նպատակով։
Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել նիստին, Դավիթ Խուդաթյանն անձամբ է մանրամասն ներկայացրել՝ ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։