Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը մեկնարկել էր հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 09։10-ին, հայտնում է Արմենպրեսը։
Հանդիպումը մի պահ ընդմիջվել էր, այնուհետև շարունակվել։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Փաշինյանն Աբու Դաբի է ժամանել հուլիսի 9-ին։ Այդ օրը նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Փաշինյանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 16–ին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։