Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ–ն դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը», հայտնում է «Ազատությունը»։
Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։
Պատասխանելով այն հարցին, թե ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա՝ Սաֆարյանն ասել է․ «Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ․․․ Այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել»:
Փոխնախարարը պատասխանել է նաև այն հարցին, թե կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:
«Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել: Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները»,–ասել է նա։
Այն հարցին, թե կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն, փոխնախարարը պատասխանել է, որ դա սխալ բառ է։
«Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի»,–ասել է նա։
Ամերիկյան առաջարկները ստանալու ժամկետի վերաբերյալ հարցին պատասխանելով` Սաֆարյանը կոնկրետ ժամկետ չի նշել և հավելել է, որ էլի են առաջարկներ եղել՝ չնշելով, թե ում կողմից։
«Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել:
Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ»,–ասել է Սաֆարյանը։
Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է հարցին նա ասել է, որ չէր ուզի այդ մասին խոսել:
Անդրադառնալով Հայաստանի ակնկալիքին այսօրվա բանակցություններից՝ Սաֆարյանն ասել է․ «Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը»:
Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի իր նախապայմաններից՝ նա նշել է․ «Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի, Սաֆարյանը պատասխանել է․ «Բանակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում»:
Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն տևել է մոտ 5 ժամ։
Երևանը և Բաքուն մարտի 13-ին տեղեկացրել են խաղաղության համաձայնագրի աշխատանքների ավարտի մասին։ Հայաստանը շարունակում է արտահայտել համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջ քաշել։