ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի հրապարակած՝ դաշնակցականների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի նկարները։
«Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տանից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։
Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց»,–ասվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ նա մեջբերել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում «որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել»։
«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,–ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 10–ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։ Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Ձերբակալվել են Արսեն Մարտոյանն ու Տարոն Մանուկյանը: