10 հուլիսի 2025 - 15:14 AMT
ԶԼՄ․ Ալիև–Փաշինյան հանդիպման հիմնական թեման խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունների վերացումն է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱբուԴաբիում տեղի ունեցած հանդիպման հիմնական թեման, ըստ ՏԱՍՍ–ի աղբյուրի, խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունների վերացումն է՝ մինչև տարեվերջ այն ստորագրելու ակնկալիքով։

Նշվում է, որ մոտ 2 ժամ տևել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը, հետո Փաշինյանն ու Ալիևը շարունակել են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ Մոսկվայի, կարող է կարևոր դեր ունենալ տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին սատարում է ընթացող բանակցային գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բազմիցս ասել ենք տարբեր մակարդակներում, որ կաջակցենք հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հենց այդպիսի պայմանագրի ստորագրումը կլինի չափազանց կարևոր գործոն, որը կավելացնի կանխատեսելիությունը, կայունությունը և խաղաղությունը տարածաշրջանում։ Մենք ամբողջությամբ սատարում ենք այս գործընթացը», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում և տևել են մոտ 5 ժամ։