10 հուլիսի 2025 - 15:48 AMT
ԱԳՆ․ ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են՝ երկկողմ բանակցություններն ամենաարդյունավետ ձևաչափն է

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիումև քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ «բանակցությունների շրջանակներում երկու երկրների ղեկավարներն առարկայական և բովանդակային քննարկում են վարել այնպիսի առանցքային հարցերի շուրջ, որոնք խաղաղության օրակարգի հիմնական տարրերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացը, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման հեռանկարները, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը և մի շարք այլ կարևոր ուղղություններ»։

Հանդիպման արդյունքներով կողմերը հասել են փոխըմբռնման՝ նմանատիպ շփումները և երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ, գրում է APA-ն։

Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն թե՛ ոլորտային աշխատանքային խմբերի մակարդակով, և թե՛ ավելի բարձր քաղաքական մակարդակով։

Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ–ն դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը», հայտնում է «Ազատությունը»։

Այն հարցին, թե կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն, փոխնախարարը պատասխանել է, որ դա սխալ բառ է.: «Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի»,–ասել է նա։