10 հուլիսի 2025 - 16:22 AMT
Թորոսյանը` Շերմանին. Հոգևորակնները ձերբակալվել են պլանավորված ահաբեկչական հարձակումների միջոցով հեղաշրջման փորձի համար

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատասխանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հրապարակմանը, որը մտահոգություն էր հայտնել «հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններ» վերաբերյալ։

Ի պատասխան Թորոսյանը գրել է, որ «հոգևորակնները ձերբակալվել են պլանավորված ահաբեկչական հարձակումների միջոցով հեղաշրջման փորձ կատարելու համար»։

«Այս գրառմանը ի պատասխան կոնգրեսմենին ուղարկել եմ հետևյալը. «Հարգելի Բրեդ Շերման, որպես Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը, ով նաև Ռուսաստանի քաղաքացի և մագնատ է, մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար:

Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ և ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ աշխատանքի խմբին տրամադրել հավաստի տեղեկատվություն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը»,- գրել է պատգամավորը։

Ըստ ՔԿ–ի «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն» ուղղված գործողություններ, մինչդեռ Թորոսյանը գրում է «ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու մասին»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգություն է հայտնել իրավապահների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման կապակցությամբ։