Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով լիարժեք աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Նշվում է, որ որպես Հայաստանի ամենահին հաստատություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ունի հսկայական հոգևոր, պատմական և ազգային նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ամբողջ ընտանիքի համար, գրում է Panorama.am-ը։
«Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների պատրիարքությունը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված վերջին գործողություններից։
Ասորական ուղղափառ եկեղեցու և Սուրբ Սինոդի անդամ Գերաշնորհ արքեպիսկոպոսների անունից, Նորին Սրբություն Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդը հայտնում է իր անվերապահ զորակցությունը և խորին եղբայրական աջակցությունը Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը և հավատավոր ժողովրդին՝ այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակաշրջանում։
Որպես Հայաստանի ամենահին հաստատություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ունի հսկայական հոգևոր, պատմական և ազգային նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ընտանիքի համար։ Նրա սրբությունը նսեմացնելու, ներքին կառավարման գործընթացները խաթարելու կամ հոգևորականներին թիրախավորելու ցանկացած փորձ հանդիսանում է կրոնի ազատության և եկեղեցու ամբողջականության լուրջ խախտում։
Եպիսկոպոսների և քահանաների կալանավորումները, սուրբ վայրերի նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև միջամտությունը եկեղեցու կանոնական կյանքին կարող են խարխլել ազգի հոգևոր հիմքերը և խաթարել Եկեղեցու սրբորեն պահպանված անկախության գաղափարը։
Ասորական Ուղղափառ Եկեղեցին խստորեն դատապարտում է նման գործողությունները և վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ պաշտպանել կրոնական ազատության և Եկեղեցու ինքնիշխանության սկզբունքները։
Աղոթում ենք՝ հայցելով խաղաղություն, իմաստություն և զորություն Հայ Եկեղեցուն։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ՝ այն սրբազան հաստատությունների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում կերտել և պահպանել են քրիստոնեական ժառանգությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։