Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու տնտեսական, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում են, և այդ կապերը մեծ ներուժ ունեն թե՛ տնտեսության, թե՛ ներդրումների և հումանիտար համագործակցության առումներով։
ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստ են համատեղ ջանքերով իրականացնել փոխշահավետ նախաձեռնություններ։
Երկուստեք վերահաստատվել է կառուցողական երկխոսության ու գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների ժողովուրդների բարօրությանը նպաստելու նպատակով։
ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ։
Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ ձեռք բերված առաջընթացին և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին գնահատել է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և համաշխարհային անվտանգության պահպանման հարցում։
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիումև քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։