10 հուլիսի 2025 - 18:46 AMT
Գարեգին Բ-ն կոչ է արել ակտիվորեն ներգրավվել Եկեղեցու ազգապահպան գործունեությանը

Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին, ինչպես նաև թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին, ովքեր ուղեկցվել են Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի կողմից։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն է հայտնել, տեսնելով ուխտավոր հայորդիների հավատարմությունն ու սերն իրենց Հայրենիքի և Մայր Եկեղեցու նկատմամբ։ Նա բարձր է գնահատել քահանա հայրերի ջանքերը՝ նման ուխտագնացություններ կազմակերպելու գործում՝ հատկապես այս բարդ ժամանակաշրջանում։

Հանդիպման ընթացքում կաթողիկոսը նշել է նաև Մայր Աթոռում կազմակերպվող կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայոց լեզվի, պատմության ու հոգևոր կյանքի իմացության խորացմանը, ինչպես նաև՝ ազգային ինքնագիտակցության և հայրենասիրության զարգացմանը։

Նա հորդորել է ուխտավորներին խրախուսել իրենց զավակներին մասնակցել այդ կրթական դասընթացներին, որոնք լինելու են շարունակական բնույթ կրող։

Վերջում Վեհափառ Հայարապետը ներկաներին հորդորել է՝ զորացած հավատով վերադառնալ իրենց համայնքներ և նվիրվածությամբ մասնակցել Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելության իրագործմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։