Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևում կանգնած է Արևմուտքը:
«Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել կամ թուլացնել բոլոր այն ժողովուրդներին և պետություններին, որոնք Ռուսաստանի գոնե պոտենցիալ բարեկամներն են։ Հայաստանում դա հիմա շատ դրամատիկ է անցնում։ Նույնը հիմա տեղի է ունենում Սերբիայում` նախագահ Վուչիչի դեմ ցույցերի միջոցով, Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ ԵՄ–ից հնչող քննադատությամբ և նման այլ երկրներում», - ասել Է նա Sputnik-ին, գրում է Sputnik Արմենիան։
Չարնոգուրսկին ընդգծել է, որ հայ հոգևորականների կալանավորումը հանցագործություն է երկրի պատմության և ապագայի դեմ:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ձերբակալվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ «հեղաշրջման գործի» շրջանակում։ Հունիսի 27-ին ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինները մուտք են գործել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ փորձելով ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն հետագայում վերջինս ինքն է ներկայացել Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա կալանավորվել է։
Վարչապետ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ գլխավորել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը՝ շեշտելով, թե «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա նշել էր, որ Վաղարշապատի խոշորացված համայնքում որևէ տարածք չի կարող փակ մնալ իրավապահ մարմինների գործունեության համար։