
Փաստաբան Արա Զոհրանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ գլխավոր դատախազին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից հանցագործության մասին 2 առանձին հաղորդում է ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Հաղորդումներից մեկը վերաբերում է լիազորությունները չարաշահելուն, մյուսը՝ խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն։
«Առաջին հաղորդմամբ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Ն.Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Ս.Կարապետյանին:
Կուսակցությունը գտել է, որ`
Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:
Վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 420-րդ (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով արգելված արարքներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ միջամտելով Եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 18-րդ կետի համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվում է ցկեանս Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում, համաձայն համապատասխան կանոնադրության:
Վերոհիշյալ կանոններից հետևում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ամբողջ կյանքի ընթացքում՝ Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից:
Հետևաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելով Կաթողիկոսի այս իրավունքի դեմ վնաս է պատճառում ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես էլ Եկեղեցու շահերին՝ խոչընդոտելով Եկեղեցու գործունեությունը:
Արդեն մի քանի անգամ է Եկեղեցին փոխում է իր ծրագրերը (այդ թվում՝ ժողովները, հանդիպումները) պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ վարքագծով:
Կուսակցությունը գտել է, որ վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով արգելված արարքներին»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։