1 հունիսի 2002 - 00:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԻՐ ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ ԻՄԱՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Մոսկվայում, որտեղ երեկ կայացել է ԱՊՀ անդամ-երկրների Կառավարությունների խորհրդի նիստը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեի երկկողմ հանդիպումը: Վրաստանի նախարարների կաբինետի համակարգողը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Երեւանի կողմից Թբիլիսիի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության հարցը: Ջորբենաձեն շահագրգռվածություն է ցուցաբերել այդ նախագծի հանդեպ եւ հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունը կքննարկի դրա իրականացմանն աջակցելու հնարավորությունը: Շարունակելով էներգետիկայի թեման` պետնախարարը հետաքրքրվել է Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակով: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ ՀԱԷԿ-ը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Ինչ վերաբերում է կայանի փակման ժամկետներին, ապա վարչապետի խոսքերով այդ հարցը կլուծվի միայն էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունենալուց հետո: Հայաստանի կառավարության ղեկավարը խնդրել է պարզաբանել երկրի տարածքով բեռների տարանցման ոլորտում պաշտոնական Թբիլիսիի կողմից տարվող տարօրինակ սակագնային քաղաքականության պատճառները: Մասնավորապես, հայտնի է, որ երկաթուղային բեռնափոխադրումների համար գանձվող վարձաչափերը Հայաստանի համար ավելի բարձր են, քան Ադրբեջանի: Վարչապետը նաեւ ընդգծել է Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Սամցխե-Ջավախքի հայ բնակչության հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցները: Կողմերը պայմանավորվել են ապագայում եւս վերադառնալ զրույցի ընթացքում շոշափված թեմաներին եւ օպերատիվ կերպով լուծել ծագող դժվարությունները:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: